«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

ՄԱՐԴԸ, ՈՐ ՉՈՒՆԵՐ ՍՏՎԵՐ

ՄԱՐԴԸ, ՈՐ ՉՈՒՆԵՐ ՍՏՎԵՐ
23.03.2012 | 00:00

2012-ի մարտի 21-ին Սան Արկանջելոյում վախճանվեց 20-րդ դարի վերջին ռոմանտիկը. նա հեռացավ ընդամենը 6 օր հետո` իր ծննդյան 92-րդ տարեդարձը իր ցանկացածի պես նշելով ու իր ծննդյան օրը իր մտերիմներին նվերներ տալուց հետո, որովհետև իսկապես ռոմանտիկ էր, որովհետև Տոնինո Գուերան էր, որովհետև այդպես ավելի ճիշտ է:
92 տարիների իր կյանքում նա բանաստեղծ էր, նկարիչ, քանդակագործ, գրող, ճարտարապետ, երաժիշտ: 92 տարիների իր կյանքով նա 500 տարի հետուառաջ էր արել ու իր ժամանակակիցներին հիշեցնում էր Վերածննդի ժամանակները, երբ արվեստագետ նշանակում էր արվեստ:
1920 թ. մարտի 16-ին Սան Արկանջելոյում ծնված տղեկը նկարել սկսել էր` ինքն էլ չէր հիշում երբվանից, և նկարչությունն առաջին արվեստն էր, որ նրան հաց էր տալիս: ՈՒրբինոյի համալսարանի մանկավարժության ֆակուլտետում ուսումն ընդհատեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, գերմանացիները նրան Տրոյսդորֆի համակենտրոնացման ճամբար տարան: ՈՒ նա անցավ իր կյանքի երկրորդ արվեստին` բանաստեղծությանը. «Ես ամենաջահելն էի, երեկոները, երբ բարաք էին վերադառնում իմ քաղցած, հոգնած, սառած հայրենակիցները, նրանք ուզում էին, որ իրենց հետ խոսեի հարազատ ռոմանյոլյան բարբառով: Կարևոր չէ` ինչ, նրանց պարզապես անհրաժեշտ էր այդ բառերը լսել: ՈՒ ես պատրաստվում էի ամբողջ օրը: Ճամբարում գրիչ ու մատիտ չկար: Դիմանալու համար ես սկսեցի այդ բառերը բանաստեղծություն դարձնել, որ կարողանամ անգիր հիշել»:
Հետո նրա բանաստեղծություններն ու հեքիաթները կթարգմանվեն եվրոպական բոլոր լեզուներով: Պատերազմից հետո նա ավարտեց համալսարանն ու դարձավ ուսուցիչ, հետո համալսարանի ռեկտոր Կարլո Բոն տպագրեց նրա առաջին գիրքը: Գրականությունը նրան տարավ Հռոմ:
«Մարդիկ և գայլերը» առաջին ֆիլմի սցենարը գրեց Էլիո Պետրիի հետ: 1953 թվականից նա սցենարներ էր գրում Մարիո Մոնիչելիի, Դամիանո Դամիանիի, Ջուզեպպե դե Սանտիսի, Մարիո Բոլոնինիի, Ֆրանչեսկո Ռոսիի, Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Լուկինո Վիսկոնտիի, Անդրեյ Տարկովսկու, Թեո Անգելոպուլոսի, Տավիանի եղբայրների համար, ու նրա հերոսներին կյանք էին տալիս Սոֆի Լորենը, Ջուլիետա Մազինան, Մարչելո Մաստրոյանին: «Իտալական ամբողջ նեոռեալիզմը գրել է Տոնինոն», ասում էին իտալացիները: Կինոն նրա կյանքի երրորդ արվեստն էր. «Կինեմատոգրաֆում թեմաները միշտ նույնն են` ով ենք մենք, ինչու ենք եկել այս աշխարհը, ինչ է լինելու մեզ հետ և ինչ է սերը»: «Արկած», «Գիշեր», «Խավարում», «Ամարկորդ», «Կարմիր անապատ», «Կազանովա-70», «Ամպերից այն կողմ», «Նոստալգիա», «Օբերվալդի գաղտնիքը», «Կնոջ նույնականացումը», «Եվ նավը լողում է», «Սուրբ Լորենցոյի գիշերը», «Ջինջերը և Ֆրեդը», «Նվագախմբի փորձը», «Քաոս», «Հավերժությունը և մեկ օրը»` հարյուրից ավելի ֆիլմեր, որ նրան բերում էին «Օսկարներ» ու ամենափառահեղ փառատոների գլխավոր մրցանակներ:
Նա ոչ միայն սցենարներ էր գրում ֆիլմերի համար։ Նա իր սցենարները բառացիորեն կյանքի էր կոչում. ամբողջ Իտալիայում նրա հրապարակներն են, շատրվանները, այգիները, հախճապակե ու ճենապակե զարդաքանդակները, կտավներն ու տիկնիկները, իսկ ամենից շատ` գրքերը, ու ոչ միայն բանաստեղծությունների, նրա զարդանախշերով վարագույրներն ու սփռոցները: Նա մարդկանց նվիրում էր իրենց գոյության ամբողջությունը, որովհետև նա գալիս էր Վերածննդից, երբ մարդիկ ամբողջական էին և չէին հասցրել հատվածավորվել ու տրոհվել մանրիկ կրքերի ու մանրիկ գայթակղությունների: Նա ամբողջական էր իր սիրո մեջ ու իր երազանքի, իսկ ավելի շատ նա մարդ էր, որ չուներ ստվեր, որովհետև միշտ ապրում էր իր զգացմունքների ու իր մտքերի, իր սիրո ու իր հիշողության զենիթում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ